ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Եկել է մայր բնությանը մեր պարտքերն օր առաջ վերադարձնելու ժամանակը

Եկել է մայր բնությանը մեր պարտքերն օր առաջ վերադարձնելու ժամանակը
16.01.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Իրավունքը de facto» թերթի 2008 թ. դեկտեմբերի 16-18-ի (թիվ 57) համարի «Անցուդարձ» բաժնում կարդացի Լիլի Մարտոյանի «Ամբոխահաճո աճպարարություն» կամ «Հանեք սև ակնոցները, հարգելի «կանաչներ», դրանք փչացնում են ոչ միայն տեսողությունը» հոդվածը և պարտքս եմ համարում անպայման արձագանքել-պատասխանել հոդվածագրին, քանի որ ինքս էլ բնապահպանների խմբի կազմում ակտիվորեն մասնակցել եմ խորհրդարանական վերջին լսումներին, որի մասին էլ, իբր, փորձում է պատմել հոդվածագիրը:

Առաջին հայացքից հոդվածագիրը փորձում է ներկայացնել «Մայրաքաղաք Երևանի բնապահպանական վիճակն ու այս ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը» թեմայով 09.12.08 թ. խորհրդարանական վերջին լսումները (զեկուցող` ՀՅԴ ֆրակցիայի անդամ Լ. Գալստյան): Սակայն նա անմիջապես շեղվում է խորհրդարանական լսումներից և կտրուկ անցում է կատարում բուն թեմային, պնդելով, թե` «Շահերի համատեղման կարգով այս լսումներում որպես երրորդ կողմ էին հանդես գալիս մի խումբ էկոլոգներ և, իհարկե, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, ով թեև բարձր պաշտոն չի զբաղեցնում հիմա, սակայն հասարակական կազմակերպության ղեկավար լինելով` արտասահմանյան գրանտներից օգտվելու մեծ հնարավորություններ ունի: Գրանտներն էլ, հայտնի բան է, ձեռքերը ծալած նստելու համար չեն տալիս, գործուն ծրագրերը կյանքի կոչելու համար են տալիս, իսկ ավելի հաճախ` այդ ծրագրերն աշխատեցնելու փայլուն իմիտացիայի համար, ինչով էլ վերջին տարիներին զբաղված է նախկին նախարարը», ով էլ, ըստ հոդվածագրի, «մեր վստահելի աղբյուրի տեղեկացմամբ, …վերոհիշյալ տեքստի իրական հեղինակն է, ով ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն նվաստացուցիչ իրողությունը, որ իր պաշտոնավարման տարիներին գրեթե ամբողջապես քոքահան արված երևանամերձ անտառային գոտին պետականորեն հաջողվել է հնարավորինս վերականգնել վերջին հինգ-վեց տարում միայն` մի կերպ հասցնելով իննսունքանի թվերի մակարդակին: Չի կարողանում նաև հաշտվել այն մտքի հետ, որ յուրաքանչյուր կտրած ծառի դիմաց առնվազն հարյուր նոր ծառ է տնկվում քաղաքային իշխանությունների կողմից, որ միայն Հյուսիսային պողոտայում 65 եղևնի է տնկվել…»: Ի՞նչ է սա, հաշվեհարդարի՞, թե՞ հասարակությանը դեզինֆորմացնելու ևս մեկ փորձ: Այս, համոզված ենք, պատվիրված ստի բացահայտումը սկսենք վերջից: Նախ`
• Հյուսիսային պողոտայում ոչ մի եղևնի չի տնկվել: Հյուսիսային պողոտայում, քարե ծաղկամաններում տնկվել են տույաներ (թեփուկատերև նոճիներ), թփեր, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէր շփոթել եղևնիների հետ, եթե, իհարկե, կույր չես կամ կույր չես ձևանում: Նշենք, որ տույաներով թփապատումը նման է անապատը գդալով ջրելու զուր ջանքերին և որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ Երևանի կենտրոնի բնապահպանական ծանր իրավիճակի բարելավման հարցում: Բացի այդ,
• եթե քաղաքային իշխանությունները յուրաքանչյուր կտրած ծառի դիմաց առնվազն հարյուր նոր ծառ են տնկել, ինչպես անհեռատեսորեն պնդում է հոդվածագիրը, ապա Երևանի կանաչ տարածքները առնվազն հարյուր անգամ մեծացել են, ինչը խայտառակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, երևանամերձ անտառային գոտու հնարավորինս վերականգնումը, որը շատ հեռու է բավարար լինելուց, դրական ազդեցություն կունենա հենց երևանամերձ տարածքների և ոչ թե կենտրոնի էկոլոգիական անմխիթար իրավիճակի վրա: Երևանի կենտրոնի էկոլոգիական աղետալի իրավիճակի բարելավումը հնարավոր է միայն հենց կենտրոնի կանաչ գոտու` օր առաջ վերականգնման նոր, լայնածավալ կանաչ տարածքների ստեղծման, դրանց պաշտպանման և բաց ջրային ավազանների կառուցման ճանապարհով: Ավելին`
• Երևանի, հատկապես կենտրոնի, էկոլոգիական աղետալի վիճակն է՛լ ավելի է բարդանում կենտրոնի կետային, խիտ ու լոկալ բարձրահարկ կառուցապատումով, հին շենքերի հարկայնության ավելացումներով, շենքերի նկուղների օգտագործման և ընդլայնման նպատակով շենքերի հիմքերի խարխլման, լրացուցիչ, ավելի խոր տեղաբաշխված նկուղների փորման և այլ անհեռատես, վտանգավոր աշխատանքներով, որի արդյունքում Երևանը, հատկապես Երևանի կենտրոնը, նաև սեյսմիկ անվտանգության առումով է անմխիթար վիճակում հայտնվել: Առաջիկայում մենք այս հարցի շուրջ հանդես կգանք առանձին հրապարակումով: Բացի այդ,
• վերջերս տարբեր պաշտոնատար անձանց, իշխող կոալիցիայի որոշ գործիչների և նրանց լրատվամիջոցների կողմից հաճախակի են դարձել լուրջ ճնշումների փորձերը գրանտային ծրագրեր իրականացնող ՀԿ-ների, հատկապես բնապահպանական ՀԿ-ների նկատմամբ: Մեզ անվանում են գրանտակերներ, մեղադրում են չնչին գումարների համար հայրենիքի դավաճանության, տնտեսական ու քաղաքական լրտեսության և մեր երկրում էկոդիվերսիաներ իրականացնելու մեջ: Մենք այս ամենին վաղուց արդեն սովորել ենք և բոլոր այդ «հարձակումները» դիտարկում ենք որպես մեր հայրենանվեր, լավ աշխատանքի, մեր հաջողությունների ու հաղթանակների ինդիկատոր: Բացի այդ, գաղտնիք չէ, որ մեր երկրում ամենամեծ ծավալի, բազմամիլիոնանոց գրանտներ ստացողները հենց մեր երկրի իշխանության տարբեր թևերն ու գերատեսչություններն են, որոնք բազմակի մեծ գրանտային գումարներ են ստանում նույն այն միջազգային կառույցներից, պետություններից, որոնք անհամեմատ փոքր ֆինանսներ են տրամադրում նաև ՀՀ էկոլոգիական ու այլ ՀԿ-ներին և շատ հաճախ նույն գործունեության համար: Վստահ ենք, որ տիկին Մարտոյանը և, իհարկե, նրա պատվիրատուները նույնպես քաջատեղյակ են այս մասին: Մենք հակված չենք այստեղից եզրակացնելու, թե, ուրեմն, մեր երկրի իշխանության տարբեր թևերը նույնպես գրանտակերներ են, ամենևին ոչ: Ավելին, մենք կարծում ենք, որ միջազգային տարբեր գրանտային ծրագրերը կարևոր խթան կարող են հանդիսանալ մեր երկրի հետագա ժողովրդավարացման, էկոլոգիական անվտանգության, գիտության, կրթության, արդարադատության, առողջապահության և այլ ոլորտների զարգացման և միջազգային նորմերին ու ստանդարտներին համապատասխանեցման ճանապարհին, եթե, իհարկե, այդ հարցում գրագետ, նպատակաուղղված, անկողմնակալ, ճիշտ քաղաքականություն իրականացվի: Այդ հարցում, իհարկե, իրենց կարևոր տեղը պետք է ունենան անկախ ՀԿ-ները, ինչն էլ շատ է վախեցնում որոշ պաշտոնյաների, ովքեր սովոր են ձեռնածու լրագրողների, ձեռնածու ՀԿ-ների, ձեռնածու մտավորականների առկայությանն իրենց շուրջը, իսկ մտածող, անկախ մասնագետները նրանց թշնամիներն են ի սկզբանե:
Տիկին Կարինե Դանիելյանը լուրջ մտավորական է, լուրջ գիտնական, վերջին մտավորական մոհիկաններից մեկը մեր երկրում, որն իր բնագավառում կարևոր հաջողությունների է հասել: Սակայն նրա ամենակարևոր ձեռքբերումը, ըստ իս, ժողովրդի վստահությունը, անկաշառ սերն ու հարգանքն է իր նկատմամբ, որն էլ նա վայելում է իրավամբ: Բարձր է տիկին Կ. Դանիելյանի վարկանիշը մեր երկրում և միջազգային կառույցներում, ինչը հանգիստ չի տալիս որոշ պաշտոնյաների, որոնց համար տիկին Կ. Դանիելյանն իր համախոհների հետ հաճախ անառիկ պատնեշ է դառնում լուրջ գումարներ աշխատելու իրենց ճանապարհին, իր բնապահպանական հարցերով, փաստերով, պահանջներով անհանգստացնելով նրանց: Հենց այս պաշտոնյաներն են նմանօրինակ հոդվածներ պատվիրում, հուսով, որ կխաթարեն տիկին Դանիելյանի և բնապահպանական ՀԿ-ների բարձր վարկանիշը մեր երկրում:
Ինչ վերաբերում է տիկին Կ. Դանիելյանի` բնապահպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարման տարիներին «գրեթե ամբողջապես քոքահան արված երևանամերձ անտառային գոտուն», որը ներկայումս ինչ-ինչ պատճառներից ելնելով խիստ «մտահոգում» է տիկին Մարտոյանին, հիշեցնեմ, որ
• նախ` այդ տարիներին ծառերը «քոքահան» չէին արվում, այլ հատվում էին, որի արդյունքում, արդեն հաջորդ գարնանը, սկսվում էր կանաչ տնկարկների բնականոն, արագ վերականգնումը: Սակայն հետագայում քաղաքային իշխանությունները, ցավոք, գերադասեցին ոչ թե խնամել, այլ ոչնչացնել վերականգնվող անտառաթփուտները և այդ «ազատված» տարածքները տրամադրել կառուցապատման համար:
• և երկրորդ` տիկին Կ. Դանիելյանը պաշտոնավարել է մեր երկրի համար ամենածանր` մութ ու ցուրտ տարիներին (1991-1994 թթ. սկիզբ), երբ չկար ո՛չ հոսանք, ո՛չ վառելիք, ո՛չ լուրջ սնունդ, ոչինչ չկար, կային միայն պատերազմը, բլոկադան, մութ ու ցուրտ ձմեռները, ծանր տարիները և մեր ժողովրդի առջև ծառացած կարևորագույն մի խնդիր` դիմանալ, գոյատևել, քանի որ դրանից էր կախված պատերազմի ելքն ու մեր երկրի ապագան: Գոյատևել էր պետք: Մեր գոյատևման ներքին հիմնական ռեսուրսները մեր անտառներն էին, մեր կանաչ տարածքներն ու մեր Սևանա լիճը` մեր բնությունը, որը փառքով կատարեց իր պարտքը իր ժողովրդի նկատմամբ: Մենք ապրեցինք ու հաղթեցինք մեր բնության ռեսուրսների շնորհիվ, և բնապահպանության նախկին նախարար տիկին Կ. Դանիելյանն ու մենք բոլորս նույնպես քաջ գիտակցում էինք դա:
Այժմ մենք մեծ պարտք ունենք մեր բնությանը, որն օր առաջ անպայման վերադարձնել է պետք, հակառակ դեպքում դա մեզ չի ներվելու: Հենց այդ պարտքը շուտափույթ վերադարձնելու մասին է մեզ բոլորիս անընդհատ հիշեցնում տիկին Կ. Դանիելյանը։
Եկել է մայր բնությանը մեր պարտքերը օր առաջ վերադարձնելու ժամանակը:
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ
Ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ, «Հասարակական էկոլոգիական դաշինքի» անդամ

Դիտվել է՝ 5072

Մեկնաբանություններ